Բեռնատարների եւ այլ տրասնպորտային միջոցների տարհանումը սկսվել է այսօր ժամը 11:00-ին, տարհանում են նաեւ քաղաքացիներին, հաղորդում է «Свободная Европа»-ն։
Կոսովոն եւ Սերբիան կապող սահմանային անցակետերը՝ Յարինյե եւ Բեռնյակ տանող ճանապարհները, ի պատասխան Կոսովոյի կառավարության երկու որոշման, արգելափակվել են տեղի սերբերի կողմից։ Օգոստոսի 1-ի առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է, որ շրջափակումները դեռեւս շարունակվում են։ «Իրավիճակը չի փոխվել։ Իրավիճակը հանգիստ է, ոչինչ չի եղել։ Բարիկադները դեռ կան, բայց տեսնենք, թե ինչ կլինի այսօր կեսօրին կայացված որոշումից հետո»,-ռադիոկայանին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Բեսիմ Հոթին:
Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը Կոսովոյի հյուսիսում անկարգություններ են տեղի ունեցել՝ կապված Պրիշտինայի կողմից սերբական համարներով եւ փաստաթղթերով մուտքի արգելքի հետ: Արգելքը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։ Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները՝ ԱՄՆ-ի կոչից հետո, մեկ ամսով հետաձգել են սերբական համարներով եւ փաստաթղթերով մուտքի արգելքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի երեկոյան ասել է, որ ակնկալում է Կոսովոյում լարվածության թուլացում։





























