ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեքշաբթի կայցելի Թայվան եւ գիշերը կանցկացնի Թայբեյում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թայվանական ԶԼՄ-ները:
Չինաստանը նախազգուշացրել է, որ իր զինվորականները երբեք «ձեռքերը ծալած չեն նստի», եթե Փելոսին այցելի Թայվան։
Տեղական Liberty Times թերթը հաղորդում է, որ Փելոսին չորեքշաբթի առավոտյան պետք է այցելի Թայվանի խորհրդարան՝ նախքան Ասիայով իր շրջագայությունը շարունակելը:
United Daily News-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները, ասում է, որ «համապատասխան պաշտոնյաներին» հրամայվել է ընդունել Փելոսիին, որը երեքշաբթի երեկոյան պետք է ժամանի մայրաքաղաք Թայբեյ եւ գիշերն այնտեղ անցկացնի:
Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի մեկնաբանի Փելոսիի ուղեւորության պանների մասին հաղորդումները եւ որեւէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրի ԶԼՄ-ներին:
Երկուշաբթի ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան «կոպիտ միջամտություն կլինի Չինաստանի ներքին գործերին», եւ նախազգուշացրել էր, որ դա «շատ լուրջ իրադարձությունների եւ հետեւանքների կհանգեցնի»։





























