ԱՄՆ-ի Սենատի դատին է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ N252 բանաձեւի նախագիծը, որ դարձավ կոնգրեսմենների եւ սենատորների բողոքի յուրօրինակ դրսեւորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությամբ ստեղծվելիք միջկառավարական գիտական ենթահանձնաժողովի դեմ:
Ինչպես հոկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը այս կերպ փորձում են ճնշում գործադրել Սպիտակ տան վրա, որ երկրի ղեկավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չկապի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ:
Միեւնույն ժամանակ, Կիրո Մանոյանը նախազգուշացրեց, որ ստորագրված արձանագրությունները կարող են իսկապես խանգարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Այսպես, նրա խոսքերով, արդեն բազմաթիվ ամերիկյան պարբերականներ, միանշանակ չեն ընդունում այդ պատմական փաստը, եւ նախընտրում են «Ցեղասպանություն» բառը փոխարինել ավելի չեզոք հոմանիշներով:



























