Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ուղղված ուղերձում։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետեւողականորեն հետեւում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի տառին եւ ոգուն։

«Որպես  Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն եւ դրա ավանդապահներից մեկը՝ Ռուսաստանը հետեւողականորեն հետևում է պայմանագրի տառին եւ ոգուն: Համապատասխան սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ պայմանագրերով մեր պարտավորությունները եւս ամբողջությամբ կատարվել են։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի, եւ մենք հանդես ենք գալիս համաշխարհային հանրության բոլոր անդամների համար հավասար եւ անբաժանելի անվտանգության օգտին: Մենք կարեւորում ենք ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների համակարգը՝ որպես Պայմանագրի ստուգման մեխանիզմ եւ չափազանց կարեւոր ենք համարում դրա օբյեկտիվ, ապաքաղաքականացված եւ տեխնիկապես հիմնավորված կիրառման ապահովումը։

Համոզված ենք, որ բոլոր երկրները, որոնք կատարում են Պայմանագրի պահանջները, պետք է իրավունք ունենան օգտվելու խաղաղ միջուկային էներգիայից՝ առանց լրացուցիչ պայմանների։ Պատրաստ ենք կիսվել ատոմային էներգետիկայի ոլորտում մեր փորձով մեր գործընկերների հետ։

Ակնկալում ենք, որ համաժողովը կվերահաստատի Պայմանագրի մասնակից բոլոր պետությունների՝ իրենց պարտավորություններին խստորեն հետեւելու պատրաստակամությունը եւ զգալի ներդրում կունենա միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման եւ մոլորակի վրա խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովման գործում: