Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում էներգակիրների ներքին գների վերին շեմը կբարձրանա 70 տոկոսով եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ 2024 թ. տարեկան 3000 ֆունտ ստեռլինգից (3660 դոլար) շատ ավելի բարձր մակարդակի կմնա, հայտարարել են վերլուծաբանները, փոխանցում է Reuters-ը:
Հիմնվելով էներգակիրների վերջին մեծածախ գների վրա՝ ակնկալվում է, որ բնակության համար ամենաշատ օգտագործվող էլեկտրաէներգիայի պայմանագրերի սահմանաչափը հոկտեմբերին կաճի մոտ 70 տոկոսով, ինչը տնային տնտեսությունների համար երկու վառելիքների տարեկան միջին ծախսերը, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի, կգերազանցեն 3359 ֆունտ ստեռլինգը, կարծում են վերլուծաբանները:
Ակնկալվում է, որ հունվարին սահմանաչափը կբարձրանա տարեկան մինչեւ 3616 ֆունտ ստեռլինգ եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ առնվազն 2024 թ. կմնա տարեկան 3000 ֆունտից բարձր մակարդակում։
«Ձմռանն ընդառաջ ռուսական գազի մատակարարումների հետ կապված անորոշությունների պատճառով այս վերջին կանխատեսումները վկայում են տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի բարձր ծախսերի տեւականության մասին»,- ասել է ՔCornwall Insight-ի գլխավոր խորհրդատու Քրեյգ Լոուրին։
Մեծ Բրիտանիայում գազի մեծածախ գներն այս տարվա սկզբին ռեկորդային բարձր մակարդակի են հասել եւ բարձր են մնում՝ չնայած գագաթնակետային ցուցանիշների անկմանը։
Մեծ Բրիտանիան իր գազի միայն մոտ 4 տոկոսն է Ռուսաստանից ստանում, սակայն Եվրոպա ռուսական ընդհանուր մատակարարումների նվազումը նշանակում է, որ գազի համար մրցակցությունը թեժանում է, ինչը գների աճի է հանգեցնում։
Գների վերին սահմանաչափը սահմանվում է էներգակարգավորիչ մարմնի՝ Ofgem-ի կողմից՝ մատակարարների ցանցի ծախսերից եւ բնապահպանական եւ սոցիալական վճարներից կազմված բանաձեւի միջոցով, ընդ որում, էներգիայի մեծածախ գները կազմում են ապրիլյան շեմի ամենամեծ մասը եւ կեսից ավելին:





























