Գլոբալ ջերմացման հետեւանքներից մոլորակը փրկելու պլանները կհանգեցնեն Ամերիկայում գինու գների բարձրացման, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։ Կանաչ օրակարգը ծովային փոխադրումների պատճառով ավելացող CO2-ի արտանետումները նվազեցնելու նոր պահանջների մասով, էներգետիկ ճգնաժամը եւ խաղողի բերքահավաքի դժվարություններն Արգենտինայում եւ Չիլիում կարող են արդեն 2023թ. հանգեցնել գինու գների 30 տոկոս աճի։

Գինու առեւտրով զբաղվող Fort ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու պահանջները կավելացնեն կոնտեյներների առաքման ժամկետները եւ 5-10 տոկոսով կբարձրացնեն լոգիստիկայի գները։ Ընդ որում՝ թանկացումն ամենից շատ կարտացոլվի արգենտինական եւ չիլիական ոչ թանկ գինիների վրա. դրանց գինը գոյանում է մեծ մասամբ լոգիստիկայի ծախսերի պատճառով։

Կփոխվի նաեւ ռուսական շուկայի կառուցվածքը։ Պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ը եւ Ավստրալիան արգելել են գինի մատակարարել Ռուսաստան, իսկ Նոր Զելանդիան կրճատել է առաքումները։ Առաջին պլան են մղվել ներմուծողներն Արգենտինայից, Չիլիից, Ուրուգվայից եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, բայց լոգիստիկ դժվարությունների պատճառով նրանց բաժինը շուկայում կարող է կրճատվել 10-15 տոկոսով (շշերով) եւ 20 տոկոսով (փողով)։