Ռուսաստանի Մուրմանսկի մարզի Սեւերոմորսկի բնակիչը, ով ազգությամբ վրացի  է եւ աշխատում է ուժային կառույցում, քաղաքի սուպերմարկետներից մեկում կիսաֆաբրիկատ ուտելիքների բաժնում տեսել է մսով ռուլետ` «Տապակած վրացիներ» անունով:

Կերակրատեսակը, որի 100 գրամն արժե 30 ռուբլի, վիրավորել է գնորդին:  Տղամարդը որոշել է դիմել խանութի ղեկավարությանը` խնդրելով վաճառքից հանել այդ ուտելիքը, քանի որ այն հրահրում է ազգամիջյան ատելություն: Սակայն, խանութի ղեկավարությունը նրան ընդառաջ չի գնացել եւ նա ստիպված դիմել է դատարան:

Ըստ քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքի` ռուլետի անվանումը խանութի ղեկավարությունը չի որոշել: Այդպիսի ուտեստ իրականում գոյություն ունի եւ պատկանում է Վրաստանի ազգային խոհանոցին: Եթե համացանցում գրենք «Տապակած վրացիներ», ապա կգտնենք այդ կերակրատեսակի բազմաթիվ բաղադրատոմսեր: Այս մասին հաղորդել է  ИнтерпрессНьюс-ը` վկայակոչելով «BBC»-ն: