Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր 2 տարվա ազատազրկման է դատապարտել «7-ի գործով» մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանին եւ ազատ արձակել դատարանի դահլիճից՝ նրա նկատմամբ կիրառելով համաներմամն որոշումը: Ընդ որում, Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել քր.օր.-ի 301 հոդվածի (Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված կոչեր) հատկանիշներով, իսկ 225 հոդվածի 1-ին մասով՝ արդարացրել: Ըստ այդմ, դատավորը փոփոխել է մեղադրանքը: Դատավորը նաեւ վճռել է վերացնել Ոսկերչյանի գույքի, բանկային հաշիվների դրված կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:

Գրիգոր Ոսկերչյանին դատարանի մոտ հավաքվածները դիմավորեցին բուռն ծափահարություններով: Հավաքվածների մեջ էին նաեւ նախկին քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ այլոք: Ոսկերչյանը լրագրողներին հայտնել է, որ երեկոյան ավանդույթի համաձայն գնալու է Սարյանի արձանի մոտ, որտեղ նախկին քաղբանտարկյալները միշտ հանդիպում, զրուցում են մարդկանց հետ: Ոսկերչյանը նաեւ հավելեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ դատարան, քանի որ իրեն նա մեղավոր չի ճանաչում:

Ի դեպ, դատավճռի հրապարակմանը ներկա չէր մեղադրող դատախազ Աշոտ Նադոյանը, որը դատարանից պահանջել էր 5 տարվա ազատազրկման դատապարտել Գրիգոր Ոսկերչյանին: