Հայաստանում որեւէ վիճակագրություն չկա, թե քանի թիկնապահ կա մեր երկրում, ովքեր են շրջում թիկնազորով եւ այլն: Ավելին` Հայաստանում ով ինչքան թիկնապահ ուզենա, կարող է պահել, որեւէ սահմանափակում չկա: Այս ամենը թերեւս հետեւանք է այն բանի, որ մեզանում բացակայում է, այսպես ասած, թիկնապահի ինստիտուտը կարգավորող օրենքը: Արդեն 4 տարի է` ՀՅԴ-ն փորձում է «Թիկնազորային ծառայության մասին» օրինագիծը բերել դաշտ, սակայն կառավարությունը այն մերժում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ով «Թիկնազորային ծառայության մասին» օրինագծի հեղինակներից է: Այժմ օրինագիծն ընդգրկված է հանձնաժողովի օրակարգում, եւ նրանք հույս ունեն, որ աշնանային նստաշրջանում այն կքննարկվի:
Հրայր Կարապետյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթից հետո, որտեղ նա անդրադարձել էր թիկնապահների խնդրին, ՀՀԿ-ն այլ նախագիծ է մշակում: «Մենք դեմ չենք այդ օրինագծին, կարելի է նույնիսկ միացնել երկու օրինագծերը: Կարծում եմ, որ շատ պետք չի ուշացնել, քանի որ հրատապ հարց է դարձել, հասարակական հնչեղություն ունի»,- ասաց Հրայր Կարապետյանը` հավելելով, որ ԵԱՀԿ-ի գրասենյակը հավանություն է տվել օրինագծին: Եթե օրինագիծն ընդունվի եւ «Թիկնազորային ծառայության մասին» օրենքը գործի, ապա այն կարգավորելու է մասնավոր թիկնազորի առկայությունը: Մասնավորապես` օրենքով լիցենզավորվելու են մասնավոր թիկնապահները եւ սահմանվելու են չափանիշներ, այդ թվում` նրանց քանակը: Օրինակ` դատվածություն ունեցողները թիկնապահներ չեն ունենալու եւ այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ դեկտեմբերին ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ հնչեցրած իր ելույթում անդրադարձել է թիկնապահների խնդրին: «Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրը անելիք ունի»,- ասել է նախագահը:
Նշենք, որ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի»` պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետության եւ կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք Հայաստանի տարածքում գտնվելու ժամանակ: Պետական պահպանություն տրամադրվում է նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին եւ այլն, ըստ որում` պաշտոնաթող նախագահին տրամադրվում է ցմահ պետական պահպանություն:
Որտե՞ղ են սովորում թիկնապահները. «Մոխրագույն ստվերը» պետք է չծխի, չխմի, մեծերին հարգի, փոքրերին սիրի.
Թիկնապահների ուսւցման կենտրոնների թիվը մեզանում շուրջ մեկ տասնյակ է: NEWS.am-ի հարցումները թիկնապահների ուսուցման կենտրոնների շրջանում` «Պահապան արծիվ», «Մոխրագույն ստվերներ» , «Պանտեռա սեքյուրիթի» , «Ալիգատոր պրոֆ սեքյուրիթի», ցույց են տալիս, որ թիկնապահ դառնալու դասընթացը տեւում է 6-10 ամիս եւ ավելի, իսկ ամսական դասընթացի արժեքը սկսվում է 15-25 հազար դրամից: Թիկնապահների ուսուցման կենտրոն ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել քննություններ, անցնել հարցազրույց եւ այլն, իսկ ուսումնառության ընթացքում սովորում են հրաձգություն, օտար լեզուներ, հոգեբանություն եւ այլն:
1999-ից գործող «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիա ընդունվելու համար մի քանի պարտադիր պահանջ կա: «Ծխողների, հարբեցողների չենք ընդունում, կամ էլ եթե ընդունում ենք, իրենք խոսք են տալիս, որ կթողնեն այդ ամենը, մենք էլ հետեւում ենք դրան, որ չծխեն, չխմեն, չզբաղվեն ուրիշ բաներով, կռիվներ չանեն, խաղատներ չմտնեն, մեծերին հարգեն, փոքրերին սիրեն: Այդ ամենը թիկնապահի պահանջն է, եթե ուզում է պրոֆեսիոնալ դառնա, իսկ եթե չի ուզում, կարող է հայկական թիկնապահ դառնալ: Եթե թիկնապահ ես աշխատում, դու քո կյանքը պիտի տաս` առանց ուզել-չուզելու»,- ասաց «Պահապան արծիվ» ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:
«Պանտեռա սիքյուրիթի» անվտանգության ծառայության թիկնազորի պետ Կարենը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք թիկնապահներ տրամադրում են տարբեր օբյեկտների, այժմ ունեն մոտ 40 թիկնապահ, իսկ տարբեր կազմակերպությունների տրամադրել են մոտ 30 թիկնապահ:
Մեկ այլ կենտրոնում` «Մոխրագույն ստվերներում» 2 տարվա ընթացքում դիմել են բազմաթիվ անձինք, բայց դասընթացը հաջողությամբ ավարտել է 45 անձ: Իսկ թե ինչու է թիկնապահների ուսումնական կենտրոնը կոչվում «Մոխրագույն ստվերներ», կենտրոնի հիմնադիր, նախագահ Արման Սարգսյանը այսպես բացատրեց. «Թիկնապահը կյանքի եւ մահվան մեջտեղում է, այսինքն` սեւի եւ սպիտակի արանքում է, այսինքն` մոխրագույն է, իսկ ստվեր է, որովհետեւ ինքը անտեսանելի է` իր պատվիրատուի շողքն է»,- ասաց նա:
Ինչքա՞ն են վարձատրվում թիկնապահները
Թիկնապահի աշխատանքի վարձատրությունը կախված է մի շարք հանգամանքներից: Նախեւառաջ, նրա աշխատանքի վտանգավորության երեք աստիճան կա, ամենաքիչ վտանգավորը եւ հետեւաբար ամենաքիչ վարձատրվողը երրորդ մակարդակն է, երկրորդի դեպքում` նորմալ վարձատրություն է, իսկ առաջինի դեպքում` բարձր:
Ուսումնական կենտրոններից մեկի տնօրենի խոսքով` արտերկրում թիկնապահները ստանում են 15-ից 25 հազար եվրո, ընդ որում` այնտեղ նրանք աշխատում են առավելագույնը 10 ժամ, իսկ Հայաստանում` մինչեւ 24 ժամ: Օրինակ` Մոսկվայում թիկնապահի մեկ ժամվա աշխատանքը սկսվում է 50 դոլարից, Բարսելոնում` շաբաթական 1000-1200 դոլար եւ այլն: Հայաստանում թիկնապահների աշխատավարձը կախված է նաեւ` նա պահպանո՞ւմ է անհատի, թե՞ ինչ-որ հիմնարկ, կառույց: Թիկնապահների աշխատավարձը սկսվում է 100 հազար դրամից մինչեւ անսահմանություն եւ «շեֆի առատաձեռնություն»: Ամենաբարձր վարձրատրվող թիկնապահները գործարարներինն են, որովհետեւ այդտեղ ֆիքսված աշխատավարձից բացի` կա նաեւ «շեֆի առատաձեռնության, քեֆը լավ լինելու օրը», ավելի փող տալու գործոնը: Որոշ գործարարներ իրենց թիկնապահներին վճարում են մինչեւ 5 հազար դոլար: Ըստ որում` թիկնազորի պետը ամենաշատն է վարձատրվոււմ, քանի որ նա տիրապետում է կարեւոր ինֆորմացիաների: «Եթե թիկնապահը ինֆորմացիա չունենա, ինքը չի կարող թիկնապահ լինել, առարկա է կողքը կանգնած` «գարդերոբ»` եթե լայն է, կամ եթե նիհար, բոյով է` շլանգ»,- պատկերավոր նկարագրոց կենտրոններից մեկի տնօրենը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























