Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների մոսկովյան բանակցությունների հիմնական նպատակը երկխոսություն հաստատումը եւ երկու երկրների հասարակությունների միջեւ առավել սերտ կապեր ստեղծելն էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով եւս մասնակցել է ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին։

Պատգամավորի խոսքով, ղարաբաղյան հարց, որպես այդպիսին, օրակարգում չի եղել։ «Հանդիպումը հիմնականում ուղղված էր միջկառավարական կապեր հաստատելուն։ Ինչի մասին էլ, սակայն, խոսելու լինեինք, ամեն դեպքում, ղարաբաղյան հարցը միշտ առկա էր քննարկումներում։ Չէ՞ որ շատ հարցեր ուղղակի կապ ունեն ղարաբաղյան հարցի հետ»,- նշել է Նաղդալյանը՝ օրինակ բերելով ներկայումս Բաքվի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը։ Պատգամավորի խոսքով, նրա ադրբեջանցի գործընկերները եւս դեմ են արտահայտվել նմանօրինակ գործունեությանը եւ ջանացել են համապատասխան առաջարկություններ անել նման երեւույթները բացառելու համար։

Քննարկված թեմաների շարքում Նաղդալյանը հիշատակել է նաեւ սահմանային առեւտուրը, նկատելով, որ փորձեր են արվել գտնել թեմաներ եւ կետեր, որոնք կմիավորեն կողմերին։

Երկու երկրների խորհրդարանականների հետագա հանդիպումների կապակցությամբ պատգամավորը նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել. «Մեր ռուս գործընկերների առաջարկով՝ մենք որոշել ենք ամփոփոել հանդիպման ընթացքում ձեռք բերված առաջարկությունները։ Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք այլեւս ցեխ չշպրտել միմյանց վրա»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի պետական Դումայում կայացել է հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը, որին ներկա են գտնվել Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլ Բյուլ Օղլին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։