Հայ ժողովուրդն իր անկախությունը դեռեւս չի ընկալել որպես ազգային գիտակցության, մեզ մեր արմատների հետ կապող երեւույթ։ Օգոստոսի 23-ին տեղի ունեցած, մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Եթե մենք կատարելապես արժեվորեինք անկախությունը, այդ տոնը կնշեինք մայիսին, քանի որ անկախության բոլոր խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, հիմներգը, գալիս են 1918 թվականից, այնինչ տոնը նշում ենք սեպտեմբերի 21-ին։ Սա ցույց է տալիս, որ անկախության հանդեպ պատշաճ վերաբերմունք մեր երկրում դեռեւս չկա, որ այսպես կոչված առաջին նախագահի, եւ երկրորդի՝ նույնպես այսպես կոչված, նաեւ երրորդի համար ազգային արժեքներն այնքան էլ էական չեն»,- ասաց նա։
Պարույր Հայրիկյյանը անկախությունը բնութագրեց իբրեւ ազգի բնականոն ապրելակերպ։ Նրա խոսքով, սպասելի էր, որ Անկախության հռչակագրի ընդունումից հետո հայաստանյան իշխանությունները անկախության տրամաբանությանը համապատասխանող գործելակերպ որդեգրեին, սակայն «իշխանության էին եկել ուժեր, որոնք ոչ միայն չէին հավատում անկախությանը, այլ չէին ամաչում բարձրաձայն ասել, որ դեմ են դրան»։
«Մասնավորապես, Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահը ֆրանսիական «Մոնդին» տված հարցազրույցում ասել էր, որ դեմ է անկախությանը, այսինքն այն ժամանակ Անկախության հռչակագիրն իշխանությունն ընդունել էր հասարակական ճնշման պայմաններում»,- ընդգծեց ԱԻՄ նախագահը։
Նշենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:




























