Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է հնարավոր խնդիրներով՝ կապված ածխի մատակարարումների հետ՝ Հռենոս գետում ջրի ցածր մակարդակի պատճառով աշնանն ու ձմռանը էլեկտրակայանների աշխատանքի համար, եւ կապված երկրի արեւելյան շրջաններ նավթի մատակարարումների հետ, ասվում է փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը փորձում է կրճատել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Սակայն Հռենոս գետում ջրի խիստ ցածր մակարդակի շաբաթները խափանել են լոգիստիկան եւ խորացրել են Գերմանիայի էներգետիկ գլխացավանքը, քանի որ արդյունաբերությունը ժամանակավորապես անցել է ածխի եւ նավթի՝ ռուսական էներգակիրների ներմուծման կտրուկ անկման պատճառով:

Փաստաթուղթը հղում է անում Հռենոսում ջրի ցածր մակարդակին, որի պատճառով նվազել է գետով փոխադրվող ածխի քանակը:

Իրավիճակի էական բարելավում չի ակնկալվում, ասվում է հոդվածում, իսկ ծանրաբեռնված երկաթուղային համակարգը չի թեթեւացնում իրավիճակը:

Չորեքշաբթի օրը Գերմանիայի նախարարների կաբինետը հաստատել է երկրի երկաթուղային ցանցերի կողմից էներգակիրների փոխադրման առաջնահերթության մասին օրենսդրությունը։

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ նավթի մատակարարումները կարող են խնդիր դառնալ հյուսիսարեւելյան շրջաններում։

նՆավթավերամշակման Շվեդտ եւ Լեունա գործարանները տարեվերջից կհրաժարվեն ռուսական խողովակաշարերի նավթից՝ ԵՄ նավթի էմբարգոյի պատճառով, ինչը նվազագույնը կհանգեցնի գների բարձրացման, ասվում է փաստաթղթում։

Լենուա եւ Շվեդտ գործարանները կարող են աշխատել 75 տոկոս հզորությամբ, ասվում է փաստաթղթում։

Շվեդտը մատակարարում է արեւելյան Գերմանիայի մեծ մասը, ներառյալ Բեռլինի օդանավակայանը: Տարածաշրջանն արեւմտյան շրջաններից վերամշակված արտադրանքով ապահովելու փորձերը նույնպես կարող են տրանսպորտային խնդիրների բախվել երկաթուղու վրա նեղ հատվածների պատճառով, ասվում է փաստաթղթում։

«Երկաթուղային փոխադրումներում տրանսպորտային հզորությունների մեծ պահանջարկը եւ դեֆիցիտը հանգեցնում են նավթամթերքների լոգիստիկայում բարդ իրավիճակի։ Վերամշակման գործարաններից որոշ ապրանքներ հնարավոր չէ տեղափոխել»,- ասվում է փաստաթղթում։