Plug Power Inc-ը «կանաչ» հեղուկ ջրածնի մատակարարման պայմանագիր է կնքել Amazon.com Inc-ի հետ, ինչի արդյունքում ջրածնային վառելիքային տարրերի արտադրողի բաժնետոմսերը սակարկումների սկզբում ավելի քան 12 տոկոսով աճել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերությունների հայտարարությունը:

«Կանա» ջրածինը հաճախ անվանում են էներգետիկայի ապագա, քանի որ այն ճկուն վառելիք է՝ զրոյական արտանետումներով, որը կարող է օգտագործվել տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար:

Amazon-ը հայտնել է, որ Plug Power-ը 2025 թվականից սկսած տարեկան կտրամադրի 10 950 տոննա «կանաչ» ջրածին, որը կօգտագործվի գորշ ջրածնի, դիզելային եւ այլ հանածո վառելիքի փոխարինման համար: Ընկերությունները, սակայն, չեն բացահայտում մատակարարումների գնագոյացման առանձնահատկությունները։

Գորշ ջրածինն արտադրվում է բնական գազից՝ առանց ածխածնի կլանման եւ կազմում է աշխարհում ամեն տարի արտադրվող 90 միլիոն տոննա ջրածնի մեծ մասը:

Amazon-ի ներկայացուցիչների խոսքով՝ «կանաչ ջրածնի» գործարքը կապահովի տարեկան հզորությունը, որը բավարար է 30 000 բեռնող կամ 800 մեծ ծանրաբեռնվածության բեռնատարների համար:

Amazon-ը հայտարարել է, որ ջրածինն օգտագործում է ավելի քան 15 000 բեռնողների սնուցման համար, եւ նախատեսում է երեք տարվա ընթացքում այդ թիվը հասցնել 20 000 միավորի:

Refinitiv-ի տվյալներով՝ ընկերությունը նաեւ ունի էլեկտրական առաքման մեքենաների 100 000 պատվեր Rivian Automotive Inc-ից, որում նա խոշորագույն բաժնետերն է:

Plug-ը նշել է, որ Amazon-ի հետ գործարքը կօգնի ընկերությանը հասնել 2025 թվականին 3 միլիարդ դոլար եկամուտ ստանալու իր նպատակին: