ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ բնութագիր է տվել Դոնալդ Թրամփի կողմնակիցներին Հանրապետական կուսակցությունից՝ հինգշաբթի ելույթ ունենալով մի միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել է Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին։ Բայդենի խոսքով՝ Թրամփին աջակցող հանրապետականների ծրագիրը մոտ է «կիսաֆաշիզմի», տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Նախագահը, որն առաջիկայում կայցելի մի քանի նահանգներ ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան ափին, հույս ունի աջակցություն ցուցաբերել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին եւ խանգարել հանրապետականներին Կոնգրեսն իրենց վերահսկողության տակ վերցնելու գործում։

Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի միջոցառմանը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի արվարձանում, մասնակցել են Մերիլենդ նահանգի քաղաքական առաջնորդները։

Հանրահավաքի մասնակիցների մեջ էին Planned Parenthood կազմակերպության ներկայացուցիչները։ Կազմակերպությունն զբաղվում է կանանց բուժօգնություն ցուցաբերելով։ Մասնակցում էին նաեւ Moms Demand շարժման ակտիվիստները, որոնք դեմ են հրազենի օգտագործմամբ բռնությանը։ Դեմոկրատները հույս ունեն, որ ընտրություններում իրենց հեռանկարները կուժեղանան հրազենից անվտանգության մասին նոր օրենքի ընդունմամբ եւ հանրապետականների կողմից աբորտների արգելմամբ։

Ելույթ ունենալով հանրահավաքում՝ Բայդենն ընդգծել է դեմոկրատների եւ հանրապետականների ծրագրերի տարբերությունը՝ նշելով, որ միջանկյալ ընտրությունների մասնակիցները ընտրություն կատարելու հնարավորություն կունենան։

Հանրահավաքից առաջ Բայդենը հանդիպել էր Դեմոկրատական կուսակցության՝ միջոցների հավաքման միջոցառման հովանավորներին, միջոցառումը տեղի էր ունենում Ռիչարդ Մոնթգոմերիի  անվան դպրոցի տարածքում։

Նախագահը մանրամասն ներկայացրել է այն խնդիրները, որոնց բախվել են Միացյալ Նահանգները եւ աշխարհը կլիմայի փոփոխության պատճառով։ Նա խոսել է տնտեսական ցնցումների եւ ապագա Չինաստանի մասին եւ խիստ քննադատել է Հանրապետական կուսակցության ծրագիրը։

«Հիմա մենք տեսնում ենք MAGA-ի ծրագրի կամ սկիզբը, կամ թաղման ղողանջն ենք լսում,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան նորից մեծ դարձնենք» կարգախոսը։- Եվ դա միայն Թրամփը չէ։ Դա մի ամբողջ փիլիսոփայություն է, որը նման է կիսաֆաշիզմի»։

Նախագահը նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության առաջայնությունը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ եւ դաշնակիցների հետ համագործակցության վերականգնումը Թրամփի նախագահությունից հետո։

«Ես թերագնահատել եմ, թե ինչ վնաս են հասցրել աշխարհում Ամերիկայի հեղինակությանը նախորդ չորս տարիները»,- ասել է Բայդենը։

Հանրապետականները հույս ունեն հաղթել նոյեմբերյան ընտրություններում, եւ պատմությունը նրանց կողմից է։ Սպիտակ տունը վերահսկող կուսակցությունը սովորաբար տեղեր է կորցնում Կոնգրեսում առաջին միջանկյալ ընտրություններում նախագահի ընտրություններից հետո, եւ քաղաքագետները կանխատեսում են, որ հանրապետականները Ներկայացուցիչների պալատի եւ, գուցե, Սենատի վերահսկողությունն ստանալու բոլոր շանսերն ունեն։

Դեմոկրատները աննշան մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում, այն դեպքում, երբ Սենատում տեղերը հավասար են։

Հանրապետականների վերահսկողությունը Կոնգրեսի մեկ կամ երկու պալատներում կարող է խանգարել Բայդենի օրենսդրական ծրագրի իրականացմանը նրա նախագահական ժամկետի երկրորդ կեսին։ Դա կարող է նաեւ ուժեղացնել վեճերն այն մասին, թե արդյոք 79-ամյա Բայդենը պետք է առաջադրվի 2024թ. վերընտրվելու համար, թե՞ իշխանությունը պետք է հանձնի քաղաքական գործիչների ավելի երիտասարդ սերնդին։

Բայց Բայդենը եւ նրա թիմը հույս ունեն, որ վերջին հաջողությունների շարքը օրենսդրական ոլորտում եւ ընտրողների զայրույթը ԱՄՆ-ի գերագույն դատարանի կողմից 1973թ. որոշման չեղարկման մասին, որն ընդունել էր կանանց աբորտի սահմանադրական իրավունքը, կհանգեցնեն այն բանին, որ ավելի մեծ թվով դեմոկրատներ կմասնակցեն ընտրություններին։