Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար համայնքի իշխանությունները թույլատրել են կանանց տոպլես լողալ հանրային լողավազաններում։ Համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է Կատալոնիայի կառավարությանն առընթեր իրավահավասարության եւ ֆեմինիզմի վարչությունը։
«Կանանց սեքսուալիզացումը սկսվում է շատ վաղ տարիքից եւ ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում։ Այն, որ մենք որոշ տեղերում պետք է փակենք կուրծքը, դրա ապացույցն է։ Դա նույնպես խտրականություն է»,- ասվում է գրառման մեջ։
Սոցցանցում տեղադրված հաղորդագրությունն ու պրոմո տեսանյութը համընկնում են Տոպլեսի համաշխարհային օրվա հետ, որը նշվում է օգոստոսի 26-ին ամենամոտ կիրակի օրը: 2022-ին այդ օրն օգոստոսի 28-ն է։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Կատալոնիայի իշխանությունները որոշել են քարոզարշավը սկսել երկու տեղացի կնոջ դիմումից հետո։ Կանայք բողոքել են, որ հանրային լողավազաններում իրենց հրահանգել են ծածկել կուրծքը։
«Մենք փորձում ենք պայքարել այն խտրականության դեմ, որին ենթարկվում են կանայք, երբ նրանք տոպլես գալիս են, օրինակ, լողավազան: Կանայք պետք է իրենց մարմնի արտահայտման ազատության իրավունք ունենան»,- պարբերականի հետ զրույցում նշել է Կատալոնիայի կանանց ինստիտուտի գործադիր տնօրեն Նեուս Պոսիելոն:




























