Ամերիկացի գիտնականները հաշվարկել են ինչպես է մեկ դարի ընթացքում ավելանալու ծայրահեղ շոգ օրերի թիվը։ Նրանք կառուցել են մի քանի տարբերակներ՝ հիմնվելով արտանետումների տվյալների եւ ջերմաստիճանի ու խոնավության տարբեր համակցության վրա:
Այժմ, ըստ ԱՄՆ-ի Ազգային Եղանակային ծառայության գնահատականի, Ցելսիուսի սանդղակով 39,4 աստիճանից բարձր ջերմությունը համարվում է վտանգավոր, իսկ 51-ից բարձրը՝ ծայրահեղ վտանգավոր:
Նման ստանդարտները ի սկզբանե ստեղծվել են կաթսայատան աշխատողների համար՝ ոչ բաց երկնքի տակ։ Սակայն վերջին տարիներին փողոցում նման շոգը սովորական է դարձել։
«Նախորդ ամառվա ռեկորդային ջերմային ալիքը շատ ավելի հաճախակի կդառնա Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում: Իսկ հասարակածին մոտ շատ երկրներում դարավերջին տարեկան ավելի քան 180 օր դժվար կլինի աշխատել բաց երկնքի տակ»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Լուկաս Զեպետելոն:
Եթե մարդկությանը հաջողվի ջերմաստիճանի համաշխարհային բարձրացման մակարդակը պահել շուրջ 2 աստիճան ըստ Ցելսիուսի, ապա 2100 թվականին ԱՄՆ-ում, Արեւմտյան Եվրոպայում, Չինաստանում եւ Ճապոնիայում 3-ից 10 անգամ ավելի վտանգավոր շոգ օրեր կլինեն։ Արեւադարձային շրջաններում նրանց թիվը կարող է կրկնապատկվել։
Վատագույն դեպքում ծայրահեղ վտանգավոր շոգերը կարող են բնական դառնալ Հնդկաստանում եւ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայում:




























