Ռուսական միջուկային էներգիայի հսկա «Ռոսատոմ»-ը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի Հունգարիայում երկու նոր միջուկային ռեակտորների կառուցումը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Գործարքը, որը կնքվել է Ռուսաստանի եւ Հունգարիայի միջեւ 2014 թ., ուղղված է գործող «Պակշ» ատոմակայանի ընդլայնմանը։

Ներկայումս «Պակշ» ԱԷԿ-ն արտադրում է Հունգարիայում էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։

Լրացուցիչ երկու ռեակտորներով ատոմակայանի հզորությունը, որը ներկայումս բաղկացած է խորհրդային չորս ռեակտորներից, կկրկնապատկվի։ «Սա մեծ քայլ է, կարեւոր հանգրվան»,- հայտարարել է Սիյարտոն ֆեյսբուքյան տեսաուղերձում, որը մեջբերում է AFP լրատվական գործակալությունը:

«Այս կերպ մենք երկարաժամկետ հեռանկարում կապահովենք Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը եւ հունգարացիներին կպաշտպանենք էներգակիրների գների կտրուկ տատանումներից»,- ասել է նա:

Հունգարիայի արտգործնախարարը հավելել է, որ միջուկային ռեակտորները կարող են պատրաստ լինել շահագործման մինչեւ 2030 թ.

12.5 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը հիմնականում ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից։