Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Գերմանիան Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերներից է, Հայաստանին ցուցաբերվող արտաքին օժանդակության ծավալներով նա երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, տեխնիկական եւ ֆինանսական ոլորտներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, բարձր մակարդակի վրա են նաեւ քաղաքական երկխոսությունն ու Եվրամիության շրջանակներում համագործակցությունը, առկա են աշխույժ մշակութային շփումներ։
Դեսպան Շմիդթն ասել է, որ Գերմանիան կշարունակի ակտիվ եւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, իսկ որպես դեսպան ինքը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-գերմանական համագործակցությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանն ասել է, որ Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը` այն գնահատելով որպես կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ավանդ։




























