Նիգերիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օտարերկրյա դերասաններին արգելել է նկարահանվել գովազդներում եւ հոլովակներ հնչունավորել: Մինչ այս ամենապահանջվածը բրիտանական ակցենտով սպիտակ մոդելներն էին։ Նոր կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերին։ Այսպիսով, նրանք ակնկալում են աջակցել տեղական պրոֆեսիոնալներին, գրում է The Times-ը։
«10-20 տարի առաջ գովազդային հոլովակների կեսն օտարերկրացիների մասնակցությամբ էր նկարահանվում, իսկ հոլովակների հնչունավորումները բրիտանական առոգանությամբ էին։ Մենք մոտ 200 միլիոն ենք։ Ուզում եք ասել, որ չե՞ք կարողացել տեղացի մոդելներ գտնել գովազդի համար»,- ասել է Նիգերիայի գովազդային գործակալությունների ասոցիացիայի նախագահ Սթիվ Բաբաեկոն։
Նրա խոսքով՝ երկրում «վերածնունդ» է, եւ երիտասարդները «հպարտության նոր զգացում» են ապրում, ուստի հասարակությունը բացասաբար է արձագանքել օտարերկրացիների մասնակցությամբ գովազդին: Բաբաեկոն պնդում է, որ նոր արգելքը բխում է Նիգերիայի ազգային շահերից:




























