Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter Inc-ին մերկացնողին կանչել է դատարան եւ ընկերության սպամի ու անվտանգության ենթադրյալ խոցելիության մասին փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջում, քանի որ միլիարդատերը պայքարում է Twitter-ը գնելու իր 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը լուծելու համար, ասվում է երկուշաբթի օրը ներկայացված դատական հայցում, հաղորդում է Reuters-ը:
Մասկը բացահայտող Պեյտեր Զատկոյից տեղեկատվություն է պահանջել հիմնականում այն մասին, թե ինչպես է Twitter-ը գնահատում սպամ-հաշիվները։ Մասկը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է ընկերությունը գնելու գործարքից, քանի որ Twitter-ը մոլորության մեջ է գցել իրեն եւ կարգավորող մարմիններին միկրոբլոգների հարթակում սպամ-հաշիվների կամ բոտերի իրական քանակի հարցում:
Բայց Մասկը նաեւ փաստաթղթեր եւ տեղեկատվություն է պահանջել անվտանգության համակարգում թույլ տեղերը թաքցնելու ենթադրյալ փորձերի եւ «անօրինական գործունեության մեջ Twitter-ի ցանկացած ներգրավվածության մասին»:
Հայտնի հաքեր Զատկոն, որին նաեւ Mudge են կոչում, այս տարվա սկզբին դադարեցրել է աշխատանքը Twitter-ի անվտանգության ղեկավարի պաշտոնում եւ անցյալ շաբաթ հրապարակային բողոքում հայտարարել է, որ ընկերությունը սուտ պնդում է, թե անվտանգության հուսալի ծրագիր ունի:
Twitter-ի փաստաբանն անցյալ շաբաթ դատական նիստում ասել է, որ Մասկի ուշադրությունը սպամի վրա՝ որպես ընկերության գնման պայմանագիրը դադարեցնելու միջոց, «իրավական առումով նշանակություն չունի», քանի որ Twitter-ը միշտ ասել է, որ սպամի քանակը միայն գնահատական է, այլ ոչ պարտադիր պնդում:
Երկու կողմերն էլ դատի են տվել միմյանց, հոկտեմբերի 17-ին կկայանա հնգօրյա դատավարություն։ Մասկը ցանկանում է դուրս գալ գործարքից, իսկ Twitter-ը խնդրում է դատարանին պարտավորեցնել նրան գնել ընկերությունը մեկ բաժնետոմսի համար պայմանավորված 54,20 դոլարով:
Երկուշաբթի առավոտյան Նյու Յորքում Twitter-ի բաժնետոմսերը փոքր-ինչ նվազել են՝ հասնելով 40,36 դոլարի:




























