Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին երեքշաբթի շիաների առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաների դադարեցումից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում  հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրում իրավիճակը վատթարանա:

«Եթե իրավիճակը (երկրում) վատթարանա, ես հրաժարական կտամ»,- ասել է ալ-Քազիմին իր տեսաուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրաքի վարչապետը նաեւ հայտնել է Բաղդադի «Կանաչ գոտում» հրթիռների եւ արկերի արձակման մեջ ներգրավված անձանց ինքնությունը պարզելու անհրաժեշտության մասին։

Երկուշաբթի Բաղդադում եւ այլ նահանգներում բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարեց իր կուսակցության քաղաքական գործունեությունից հրաժարվելու եւ իր կուսակցության գրասենյակների աշխատանքի դադարեցման մասին՝ անցյալ տարվա աշնանը կայացած ընտրություններում իր խմբակցության հաղթանակից հետո խորհրդարանում լայն կոալիցիա կազմելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում կառավարության հետ քաղաքական տարաձայնությունները լուծելու անկարողության պատճառով։ Իրաքցի բժիշկների վերջին տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 700 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ անվտանգության 110 աշխատակից։

Երեքշաբթի Ալ-Սադրի ելույթից հետո իրավիճակը Բաղդադում սկսել է կարգավորվել։ Ալ-Սադրն իր կողմնակիցներին կոչ է արել լքել կառավարական «կանաչ գոտին» Բաղդադի կենտրոնում եւ դադարեցնել զինված առճակատումն անվտանգության ուժերի եւ բրանց միացած շիա աշխարհազորայինների հետ։