ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպության առաքելությունը նախատեսում է մի քանի օր անցկացնել ԶԱԷԿ-ում։
Չորեքշաբթի առավոտյան Reuters-ը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Կիեւից շարժվել է դեպի Զապորոժիե ատոմակայան։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Գրոսսին հաստատել է, որ առաքելությունը դեպի կայան է շարժվում:
«Այժմ մենք վերջապես շարժվում ենք վեց ամսվա ինտենսիվ ջանքերից հետո: Մենք այնտեղ շատ կարեւոր խնդիր ունենք՝ գնահատել իրական իրավիճակը, օգնել հնարավորինս կայունացնել այն»,- Reuters-ը մեջբերում է Գրոսսիի խոսքերը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հավելել է, որ առաքելությունը նախատեսում է մի քանի օր անցկացնել տեղում։
Գրոսսին նաեւ նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարողացել է կողմերից երաշխիքներ ստանալ։
«Մենք պատերազմական գոտի ենք գնում ... դրա համար մեզ հստակ երաշխիքներ են պետք ոչ միայն ռուսական կողմից, այլ նաեւ՝ Ուկրաինայի։ Մենք կարողացանք դա ապահովել»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։





























