Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում Թուրքիայի ռազմաօդային ուժերի դեմ Հունաստանի գործողությունները տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու ծրագրի մի մասն են։

Ավելի վաղ CNN Türk-ը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները, հայտնել էր, որ հունական կողմը «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգեր է օգտագործել թուրքական F-16-ների որսման համար։ Ինչպես հաղորդվում էր, այդ դրվագը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվում էին Հռոդոսից դեպի արեւմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ, «չնայած այդ թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են իրենց ծրագրած խնդիրները եւ ապահով վերադարձել իրենց բազաները»։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Աթենքը գործարկել է իր «Ս-300»-ները Կրետեում թուրքական F-16-ների դեմ։

«Մենք հիանալի գիտենք Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերի իրական պատճառները։ Մենք նաեւ տեղյակ ենք այն ուժերի եւ շրջանակների նպատակներին, որոնք այսօր անվճար զինում են ահաբեկիչներին Թուրքիայի սահմանների մոտ, թեեւ ժամանակին նրանք հրաժարվում էին փողի դիմաց զենք փոխանցել Անկարային»,- Anadolu գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը։

Էրդողանն Էգեյան ծովում թուրքական օդուժի դեմ Հունաստանի գործողությունները «սադրանք» է անվանել՝ նշելով, որ դա «տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու ծրագրի մի մասն է»։ «Մենք նաեւ տեսնում ենք, թե ում է այսօր օգնում ՆԱՏՕ-ն, որտեղ ժամանակին նրանք պատշաճ աջակցություն չցուցաբերեցին Թուրքիային ազգային անվտանգությանը սպառնալիքների ֆոնին»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը նշել է, որ երկիրը, ազգային անվտանգության սպառնալիքներին ի պատասխան, խաղադրույքը դնում է ներքին պաշտպանական արդյունաբերության զարգացման վրա։