«Ժանա Ղազախստան» (Նոր Ղազախստան) պատգամավորական խումբը, որը կազմված է հանրապետության խորհրդարանի պատգամավորներից, առաջարկել է երկրի մայրաքաղաքին վերադարձնել «Աստանա» անվանումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով խմբի հայտարարությանը։
«Ճիշտ չենք համարում, երբ մարդու կենդանության օրոք նրա անունով են կոչում քաղաք, ժողովուրդը եւս չի ընդունել մայրաքաղաքի նոր անունը։ Ուստի, պատմականորեն արդարացի կլինի մայրաքաղաքին նախկին՝ «Աստանա» անվանումը վերադարձնելը, որը ժամանակին առաջարկել էր առաջին նախագահը»,- նշվել է հայտարարության տեքստում։ Պատգամավորների կարծիքով՝ այդ որոշումը «հաշվի կառնի առաջին նախագահի ավանդը երկրի գլխավոր քաղաքի կայացման եւ զարգացման գործում, ինչպես նաեւ կհամապատասխանի քաղաքացիների սպասելիքներին»։
Խորհրդարանականները կարծում են, որ մայրաքաղաքի հին անվանումը վերադարձնելու համար պետք է օգտագործել սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Նրանք «բոլոր սրտցավ, առաջադեմ քաղաքացիներին կոչ են արել համախմբվել եւ միասին հաղթահարել մարտահրավերները», որոնք կանգնած են հայրենիքի առջեւ։
Ղազախստանի մայրաքաղաքը Աստանայից վերանվանվել է Նուր Սուլթան 2019թ. մարտին, այն բանից հետո, երբ հանրապետությունը մոտ 30 տարի գլխավորած Նազարբաեւը վայր դրեց նախագահի իրավասությունները։ Պետության ղեկավար դարձավ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը մինչ այդ երկրի խորհրդարանի սենատի (վերին պալատ) նախագահն էր։ Պաշտոնն ստանձնելուց հետո Տոկաեւն առաջարկել է վերանվանել Աստանա մայրաքաղաքը Նուր Սուլթան՝ ի պատիվ առաջին նախագահի։ Նույն օրը խորհրդարանն ընդունել է համապատասխանն լրացումներ սահմանադրությունում։ Ինքը՝ Նազարբաեւը, ավելի վաղ քանիցս հայտարարել էր, որ դեմ է որեւէ վերանվանման՝ ի պատիվ իրեն։





























