Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն խորհուրդ է տալիս իր «խելացի, լավ» թոռնիկին` Սոֆիա Շեւարդնաձեին, ով «Rossia Today հեռուստալիքի թղթակիցն է, ժամանակին ամուսնանալ: Այդ մասին նա հայտարարել է Թբիլիսիի «Քվելա սիախլե» թերթին տված հարցազրույցում, հաղորդել է «Գրուզիա online»-ը:

«Սոֆիկոն խելացի աղջիկ է, նա շատ է կարդում, շատ է աշխատում իր վրա, բայց եթե նա ընտանիք չկազմի, որեւէ արժեք չի ունենա նրա գործունեությունն ու աշխատանքը: Ես խորհուրդ կտամ նրան ամուսնանալ ժամանակին»,- ասել է Թբիլիսիում բնակվող 83-ամյա Էդուարդ Շեւարդնաձեն:

Սոֆիկո Շեւարդնաձեն 31 տարեկան է: Մինչեւ 10 տարեկանը նա ապրում էր Վրաստանում, իսկ 80-ականներին` իր ծնողների հետ միասին, տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ այժմ ապրում է նրա հայրը` Պաատա Շեւարդնաձեն եւ մայրը: Սոֆիկոն Ֆրանսիայում ավարտել է Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, իսկ մանուկ ժամանակ նա սիրում էր վրացական պարերը, սովորել եւ աշխատել է Նյու Յորքում եւ Բոստոնում, իսկ վերջին տարիներին ապրում է Մոսկվայում եւ աշխատում է հեռուստալրագրող: