Jane’s Intelligence Weekly-ն հրապարակել է նոր վերլուծություն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները նշում են, որ Ադրբեջանը սպառնում է կասեցնել հայ-թուրքական մերձեցումը եւ ակնարկում է, թե պատրաստ է բնական գազն արտահանել` շրջանցելով Թուրքիայի տարածքը։ Բացի այդ, պաշտոնական Բաքուն նկատել է տալիս, որ կարող է դադարեցնել սուբսիդավորված գներով գազի վաճառքը Թուրքիային։
«Թուրքիան ակնարկել է, որ քանի դեռ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար բարելավում չի լինի, բայց չնայած այդ հավաստիացումներին` Ադրբեջանը, միեւնույնն է, մտահոգված է, քանզի բարելավման գործընթացն արդեն սկսվել է», — նշել են Jane’s Intelligence Weekly-ի վերլուծաբանները եւ հավելել."Եթե Հայաստանի հանդեպ պատժամիջոցը (սահմանի փակումը) վերացվի, դա հուժկու հարված կհասցնի Հայաստանը մեկուսացման մեջ պահելու եւ ճնշման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը":
Jane’s Intelligence Weekly-ն այսպիսի եզրակացության է հանգում. «Հայ-թուրքական մերձեցման հանդեպ Ադրբեջանի դժգոհության հետեւանքով թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունը կարող է աճել եւ ավելի բարդացնել առանց այն էլ դժվար ընթացող ղարաբաղյան բանակցությունները»:
«Եթե այս տարաձայնությունները պահպանվեն, Ադրբեջանի համար հնարավոր ելքերից մեկը կլինի` բացառել Թուրքիան որպես գազի արտահանման ուղի եւ գոնե միառժամանակ ուշադրությունը սեւեռել Ռուսաստանի վրա, ինչն, իր հերթին, կարող է սպառնալիք դառնալ Nabucco ծրագրի համար», — կարծում են հեղինակավոր կենտրոնի փորձագետները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























