Ռուսաստանի եւ Աբխազիայի հասցեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունները պետք է ավելի շուտ համարել ոչ կոռեկտ, քան քսենոֆոբիայի դրսեւորում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի փորձագետ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքով` վրացական իշխանություններին շատ հարցերում է հնարավոր քննադատել, սակայն նրանք նացիոնալիզմով հիվանդ չեն: «Սահակաշվիլին, ակնհայտորեն, նկատի է ունեցել ռուսաստանյան ռազմական ուժերին, որոնք Վրաստանի օրենքներով համարվում են զավթիչներ»,-հայտարարեց Աբաշիձեն: Սակայն փորձագետը դժվարացավ պատասխանել հարցին, թե այս դեպքում ինչ կապ ունի Սահակաշվիլիի «մոնղոլների սերունդ» արտահայտությունը: «Դա արդեն ինձ չպետք է հարցնել»,-բազմանշանակ ասաց NEWS.am-ի զրուցակիցը:
Զուրաբ Աբաշիձեն նշեց, որ ինքը միշտ էլ հավասարակշռված արտահայտությունների կաղմնակիցն է, ինչպիսի բարդ եւ հակասական իրավիճակում էլ որ դրանք հնչեն: « Ընդհանուր առմամբ ես պաշտպանում են «Բազմամզգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի հայտարարության ոգին, ըստ որի նման արտահայտությունն անընդունելի է» ,-ասաց նա` ավելացնելով, որ Սահակաշվիլիի հայտարությունները, այնումենայնիվ, չարժե այլատյացության դրսեւորում համարել...
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը Աբխազիայի հետ սահմանին գտնվող Անակլիա առողջարանի բացման ժամանակ, ցույց տալով Աբխազիայի կողմը, հայտարարել էր , որ այնտեղ «մոնղոլների սերունդներ» եւ «բարբարոսներ» են, իսկ այս կողմը` «հնագույն քաղաքակրթություն»: Միաժամանակ անհասկանալի է մնացել` նախագահը նկատի ուներ աբխազներին, թե այնտեղ տեղակայված ռուսաստանյան զինավորականներին: Այս հայտարարությունը վրդովմունք էր առջացրել ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Սահակաշվիլիին մեղադրել են այլատյացության եւ ռասիզմի մեջ:



























