Հայ ազգային կոնգրեսի չներկայանալը հերթական հանդիպմանը քաղաքական դեմարշ է:Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին ասաց կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը,  տարօրինակ համարելով, որ ՀԱԿ ներկայացուցիչներից միայն մեկը ժամանեց` տեղեկացնելու, որ իրենք չեն մասնակցելու հանդիպմանը:

«ՀԱԿ-ի եւ մեր աշխատանքային հարաբերություններն ամենեւին այնպիսին չէին, որ պետք է ներկայանար մեկ մարդ կամ եթե պատվիրակությունը չի գալու, ապա դրա մասին հնարավորություն չունեին մեզ հայտնելու: Սա քաղաքական դեմարշ է: Շատ ցավում եմ այս դեմարշի համար: Կարծում եմ, որ դա էթիկայից դուրս է, մենք մինչեւ հիմա մեզ թույլ չենք տվել այդպես վարվել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը: