«Մեզ համար միանգամայն անհասկանալի և անընդունելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ներկայացնելու ցանկացած փորձ։ Դա ոչ միայն անտեսում է կյանքի և պատմության բնականոն զարգացման ներկայիս ընթացքը, այլև հակասում անցյալի իրողություններին»,- այսօր Ստեփանակերտում մեկնարկած, հայ–թուրքական հարաբերություններն ու ԼՂ խնդրին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է Բակո Սահակյանը։ Նա հիշեցրել է, որ դեռեւս 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, արցախցիները նույն թվականի դեկտեմբերի 10–ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ազդարարել են անկախ և ինքնիշխան երկրում ապրելու իրենց որոշման մասին, ապա վերահստատել ԼՂՀ իշխանությունների պաշտոնական մոտեցումը. «Մեր դիրքորոշումը հստակ էր. այն մնացել է անփոփոխ. ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է և ենթակա չէ քննարկման»:
Այնուհետեւ անդրադառնալով բանակցային գործընթացին, ԼՂՀ նախագահն ասել է, որ դրանք ընթանում են խախտված ձեւաչափով: «Արցախը, որ հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմը, այսօր դուրս է մնացել բանակցություններից, և մենք պետք է հասնենք այդ կարևոր սկզբունքի վերականգնմանը։ Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության անհնար է իրականացնել որևէ որոշում: Մենք բազմիցս կրկնել ենք, որ սատարում ենք ղարաբաղյան հակամարտության՝ բոլոր կողմերի իրավահավասար մասնակցությամբ խաղաղ կարգավորմանը։ Սակայն այլ տեսակետ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, որը մշտապես խոսում է ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական եղանակով լուծելու իր չակերտավոր իրավունքի մասին»,– ասել է Բակո Սահակյանը:



















