Սեւանում ընթանում են ջրասույզ եղած անտառների մաքրման աշխատանքները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ վերջերս մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ բնապահպանության նախարարությունն արտասահմանից գնված թանկարժեք սարքավորումներն օգտագործում է միայն պաշտոնյաների ամառանոցների մերձակա ափերը մաքրելու համար:
Ի պատասխան այդ պնդման` բնապահպանության նախարարն ասաց, որ վերջերս կազմակերպվել է Սեւանի հանձնաժողովի այցելությունը: «Հարսնաքարում նստեցինք նավը եւ ափերով հասանք մինչեւ Հայրիվանք եւ մի փոքր ավելի: Ե’ւ հանձնաժողովը, ե’ւ մամուլի ներկայացուցիչները, ե’ւ հասարակական կազմակերպությունները իրենց աչքով տեսան, թե ինչ աշխատանքներ են կատարվել, այդ թվում` Հակոբ Սանասարյանը եւ Կարինե Դանիելյանը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ նախարարի` ջրում աշխատելը ծանր է, միայն Հայրիվանքի մոտակայքում շուրջ 10 միավոր տեխնիկա է օգտագործվում: «Դա Watermaster III տիպի ֆիննական մեքենան է, որը ջրի մեջ է աշխատում: Դա ամֆիբիա տեսակի տեխնիկա է, որ եւ ցամաքում, եւ ջրում է` ջրի մեջ բարձածը հանում է ցամաք, դա ճահճային տրակտորներն են, ցամաքային տրակտորները, բարձողները եւ տեղափոխողները: Բավականին ծանրագույն աշխատանք է: Այսօր 130-135 հա մաքրել ենք միայն ջրում», նշեց Ա. Հարությունյանը:
Բացի այդ` բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` մաքրման աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ այլ կազմակերպություններ, պայմանով, որ մաքրված զանգվածը վերցնեն իրենց: «Իսկ բոլոր նրանց, ովքեր թերահավատ են, հրավիրում ենք գալ եւ իրենց աչքով տեսնել»,- եզրափակեց բնապահպանության նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սեւանի ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ է մնացել 360 հեկտար բուսականություն, որից 271 հա-ն անտառ է:




























