ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` օգոստոսի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակները, վստահ եմ, կարեւոր ազդեցություն կունենան Աբխազիայի շարունակական զարգացման եւ նրա անկախ պետականության ամրապնդման վրա:
Հուսով եմ, որ մեր երկրների միջեւ առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաեւ կհասնեն որակական նոր մակարդակի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ եղբայրական Աբխազիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»:




























