Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օգոստոսի 28-ին Գարեգին Բ-ն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Ավստրիայի Գրաց Սեկուա եւ Գուրկի թեմերից Հայաստան ժամանած 37 ուխտավորների` առաջնորդությամբ Բադ Սուզեի հոգեւոր հովիվ հայր Էդմունդ Մուհրերի: Խմբի Հայաստան այցելության նպատակը հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային արժեքներին հաղորդակից դառնալն է:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց խմբի անդամներին: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձել է Ավստրիայում իր ուսումնառության տարիներին եւ հիշողություններին:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն պատասխանել է նաեւ ուխտավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ծիսական եւ էկումենիկ կյանքին:
Հանդիպմանը ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կաթոլիկ ուխտավորներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարաբերությունները քույր եկեղեցիների, մասնավորապես Կաթոլիկ եկեղեցու հետ, տեղեկացրել երկու եկեղեցիների միջեւ առկա համագործակցության մասին սոցիալական ոլորտում:
Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը:



























