Դոնեցկի «Մետալուրգ»-ի ու Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանն, անկասկած, նոր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Հայաստանի ֆուտբոլի հերթական մրցաշրջանի ընթացքում Երեւանի «Փյունիկի» նախկին խաղացողը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ» եւ անմիջապես էլ սկսեց արդարացնել սպասելիքները։ Հենրիկը դարձավ Ուկրաինայի բոլորովին էլ ոչ վերջին ակումբի առաջատարներից մեկը՝ աչքի ընկնելով իր խաղի նախանձելի կայունությամբ։ Ինչը վկայում է նաեւ 21-ամյա կիսապաշտպանի բարձր արհեստավարժության մասին։ Հենրիկը շատ հաճախ է խփում իր թիմի համար կարեւոր գոլեր. բացառություն չէր նաեւ Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ սեփական դաշտում ունեցած վերջին հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 2։0 հաշվով, իսկ երկրորդ գնդակի հեղինակը կրկին Մխիթարյանն էր, որը արդեն իր հինգերորդ գնդակը գրանցեց ազգային առաջնությունում եւ հավասարվեց լավագույն ռմբարկուներին։

Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ եթե տաղանդավոր ֆուտբոլիստը շարունակի այդ նույն ոգով, ապա երկար չի մնա Ուկրաինայի առաջնությունում։