Հայաստանի տարբեր մարզերում այսօր կա 107 ավագ դպրոց, իսկ այն բնակավայրերում, որտեղ դպրոցը միակն է, կան 1-12-ամյա միջնակարգ դպրոցներ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը  2008թ հաստատվել էր ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագիրը եւ դրա նպատակներից մեկն այն է, որ երեխաները լրացուցիչ չպարապեն բուհ ընդունվելու համար:

Նարինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ տնօրենների հավասատագրման պրոցեսին` նշելով, որ այն շարունակվում է, արդեն ավարատվել է տնօրենների հավաստագրման երկրորդ փուլը:  Տնօրենների ընտրության հարցում հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, ինչպես նաեւ լրագրողների դիտարկումներին, որ արդեն 3000-5000 դոլար կաշառք են տալիս տնօրեն ընտրվելու համար, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչպես անցավ հավասատագրումը, այնպես էլ կանցնի տնօրենների ընտրությունը, չեն լինելու այդ ռիսկները, չի լինելու կոռուպցիա»,- ասաց նա:

Ուսուցիչների ատեստավորման մասին խոսելով` Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դրա շնորհիվ լավագույններն ավելի բարձր աշխատավարձ կստանան` համաձայն ստացած տարակարգի: «Նպատակը լավագույն ուսոցիչների խրախուսումն է, նրանց գնահատումը»,- ասաց նա` հավելելով, որ շուտով կսկսվեն Ուսուցչի օրվա նախապատրատությունները: Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ դեկտեմբերին պատրաստ կլինեն շտեմարանները, որոնք կօգնեն երեխաներին պատրաստվել  ավարտական եւ միասնական քննություններին:

Անդրադառնալով դպրոցներում ջեռուցման խնդրին` Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ չնչին է այն դպրոցների թիվը, որոնք ջեռուցում չունեն եւ հիմնականում այդ խնդիրը լուծված է:

Նշենք, որ պետության կողմից բոլոր դպրոցները ստանալու են հատուկ օրագրեր, որոնք նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին եւ ունեն հատուկ բովանդակություն: