Ադրբեջանի վրա պետք է լուրջ միջազգային ճնշում բանեցվի հրադադարի ռեժիմի խախտման համար: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում:

Դիտարկմանը, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ադրբեջանական կողմից ակնհայտորեն ավելի շատ են, նախարարը պատասխանել է, թե հայկական զինված ուժերն իրենց առջեւ նպատակ չեն դնում խախտել հրադադարի ռեժիմը:

«Մենք հետեւում ենք իրավիճակին եւ չենք պատասխանում անկանոն կրակոցներին, պատասխանում ենք միայն թիրախային գնդակոծմանը»,- նկատել է Օհանյանը:

Նրա խոսքով, տվյալ հարցում Ադրբեջանի վրա պետք է լուրջ ճնշում գործադրվի եւ առաջին հերթին այն երկրների կողմից, որոնք զբաղված են հակամարտության կարգավորմամբ:

Նախարարի խոսքով, իրավիճակը վերլուծվում է, եւ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում: