Թուրքիան չի ծրագրում Աֆղանստան ուղարկել լրացուցիչ զորքեր։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պակիստանցի իր գործընկեր Յուսուֆ Ռեզա Գիլանիի հետ հոկտեմբերի 25-ին Իսլամաբադում կայացած հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում։
«Աֆղանստանում թուրք զինվորականների թիվը կազմում է շուրջ 1700-1800 մարդ, եւ մենք չենք ծրագրում այնտեղ ուղարկել լրացուցիչ զորքեր»,- հայտարարել է թուրք վարչապետը,- հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Այդ կապակցությամբ Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Աֆղանստանում խաղաղության ու կայունության ձեռքբերումը կենսական կարեւորության գործոն է եւ համապատասխանում է Պակիստանի շահերին։ Ըստ վարչապետի, միայն այդ դեպքում կարելի է խոսել ողջ տարածաշրջանի առաջընթացի ու բարգավաճման մասին,- հաղորդում է Associated Press-ը։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները բարձրացրել են նաեւ վերջերս Իրանում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների մասին հարցը, ինչի կապակցությամբ Էրդողանն ընդգծել է, որ թուրքական ու պակիստանյան հատուկ ծառայությունները համագործակցում են ահաբեկչական սպառնալիքների կանխարգելման նպատակով։
«Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը բոլոր հանգամանքներում եւ կփնտրենք այդ հարցում համագործակցելու ուղիներ»,- նշել է իր հերթին Յուսուֆ Ռեզա Գիլանին՝ հավելելով, որ Թուրքիան ու Պակիստանը ռազմավարական գործընկերներ են՝ գլոբալ ու տարածաշրջանային հարցերի նկատմամբ միեւնույն հայացքներով։




























