Հոկտեմբերի 23-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Դեսպան Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով դեսպան Կարապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից Ջորջիո Նապոլիտանոյին հրավիրել է այցելել Հայաստան:

Դեսպան Կարապետյանը նախագահ Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները: Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում: