Այս տարի սեպտեմբերի 1-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի հիշատակը: Տոնի առիթով Էջմիածնի Ս. Շողակաթ վանքում ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Ս. Շողակաթ վանք կբերվի Պարսկաստանի Սանգիբարան գյուղի 12-րդ դարի հրաշագործ Ավետարանը, որը Մատենադարանին հանձնվել է 1972թ. Տ. Գրիգոր քահանա Ստեփանոսյանի կողմից:
Ավետարանը վանքում կմնա մինչեւ ժամը 18:00-ն` Երեկոյան ժամերգության ավարտը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց խոնարհումը բերելու հրաշագործ Ավետարանին:




























