Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում օգոստոսի 22-25-ին գումարվել է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցի շուրջ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանձնաժողովի 4-րդ ժողովը:
Առավոտյան ժամը 9:30-ին հանձնաժողովի անդամները Անթիլիասի մայրավանքի Ս. Ստեփանոս Նահատակաց մատուռում հոգեհանգստյան արարողություն են կատարել առավել քան 1.5 միլիոն նահատակների հոգիների խաղաղության համար:
Ժողովն անդրադարձել է նախորդ երեք հանդիպումների արձանագրություններում արծարծված առկախ մնացած հարցերին եւ կատարեց անհրաժեշտ ցուցումներն այդ հարցերի պատասխանների ձեւակերպումներն ամբողջացնելու համար: Ժողովը բանաձեւել է ներքոհիշյալ հարցերի պատասխանները.
1. Քրիստոսի ընդհանրական եկեղեցին ինչպե՞ս էր հռչակում իր սրբերին.
2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եղել, որ մեր Եկեղեցին որեւէ անձի սուրբ ճանաչի.
3. Ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով էր կատարվում սրբադասումը Հայ Եկեղեցում.
4. Ինչո՞ւ Հայ եկեղեցին վերջին 500 տարիների ընթացքում որեւէ սուրբ չի հռչակել:
Հանձնաժողովի կյանքի կոչվելուց հետո իր աշխատանքների վերաբերյալ մեկ անգամ եւս ընթերցվել են հայ մամուլի մեջ տեղ գտած հրապարակումներն ու հոդվածները եւ հաստատվել է.
1. գնահատել հոդվածագիրների նախանձախնդրությունն այս հարցի կապակցությամբ.
2. արձանագրել, որ այդ հրապարակումների մեջ եղած բազմաթիվ մտահոգություններն արդեն իսկ նկատի են առնվել հանձնաժողովի նախորդ երեք ժողովներում եւ դրանց գրավոր արտահայտությունները տեղ են գտել ժողովների արձանագրություններում.
3. արձանագրել նաեւ, որ այդ հրապարակումներում կան որոշ թյուրիմացություններ եւ թյուրըմբռնումներ, որոնք գալիս են հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկություն ունենալուց, ինչպես նաեւ խնդրո առարկա նյութերի մասին պակասավոր իմացությունից եւ սուբյեկտիվ վերաբերմունքից.
4. միաժամանակ օգտակար համարել հետայսու եւս այս հարցի կապակցությամբ արտահայտվող ամեն մի դիտողություն եւ մտահոգություն, որոնք պիտի նկատի առնվեն եւ քննարկվեն հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովը հատուկ կարեւորությամբ մեկ ամգամ եւս հաստատեց, որ Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը բնավ քաղաքական աստառ չունի եւ չպետք է ունենա: Հայ Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ 20-րդ դարասկզբին ունեցել է Քրիստոսի անվան համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակներ, որոնց սրբադասման հնարավորությունը կազմում է այս հանձնաժողովի քննարկումների առանցքը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է հանձնաժողովի անդամներին եւ իր օրհնություններն ու բարեմաղթանքները բաշխեց նրանց` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանձնաժողովի առաջիկա աշխատանքային հանդիպումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 5-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:



























