«Հարավային Կովկասում տիրող վիճակի մասին Ջո Բայդենի ելույթն ապացուցում է, որ Վաշինգտոնը շատ մեծ ծրագրեր ունի այդ տարածաշրջանի հաշվով: Ակնհայտ է, որ Ռուսաստանը համաձայնել է հեռանալ այս տարածաշրջանից, սակայն որպեսզի փրկի իր դեմքը, խնդրել է ԱՄՆ-ից, որպեսզի ժամանակավորապես տարածաշրջանում իր գործընկերը լինի ոչ թե ԱՄՆ-ը, այլ Թուրքիան: Եվ Վաշինգտոնը հաճույքով համաձայնել է այդ պայմանին»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

«Հայաստանը արդեն մեկ ոտքով Արեւմուտքում է եւ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հակազդում այդ գործընթացին, հակառակը ամեն կերպ աջակցում է: Մոսկվան արդեն զզվել է կերակրել Հայաստանին եւ այլ երկրներին: Հիմա նա միայն ամրապնդելու է իր տնտեսությունը եւ մտածելու է միայն իր մասին: Ռուսաստանի կարծիքով, եթե ԱՄՆ-ը այդքան ձգտում է դեպի տարածաշրջան եւ երկրները չեն հակադրվում այդ ազդեցությանը, ապա թող կերակրվեն Վաշինգտոնի հաշվին: Դրա համար էլ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր իրավիճակում մենք պետք է ավելի մոտ լինենք Թուրքիայի հետ, որովհետեւ հիմա այդ երկիրը շատ մեծ ուժ է դառնալու տարածաշրջանում: Այնպես որ, կարծում եմ՝ այս գործընթացները նաեւ մեր օգտին են լինելու»,- ընդգծել է քաղաքագետը: