Անցած երկու  օրերի ընթացքում  Գյումրիի որոշ սուպերմարկետներում շաքարավազը վաճառվում է մինչեւ 500 դրամով: Շուկայում հնարավոր է ձեռք բերել շաքարավազ 460-480 դրամով: Շաքարավազի շուկայում շարունակական տատանումները մեծ դժգոհություն է առաջացրել Շիրակի մարզում: Հատկապես ամառային սեզոնին, երբ տանիտիրուհիները փորձում են որոշ մրգեր պահածոյացնել, շաքարավազը շատ թանկ է:

«Ի՞նչ է սա նշանակում, նշանակում է ձմռանը սովից մահանալու ենք: Շաքարի գործարանը մեր մարզում է, իսկ մենք շաքար ձեռք ենք բերում 500 դրամով: Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Նշանակում է որքան որ մրգի փող ենք տալիս, մի երկու այդքան միայն շաքարավազին պետք է տանք, որ կարողանանք մուրաբա կամ պովիդլո փակել»,-դժգոհել է Գյումրիի բնակիչ Էմմա Առաքելյանը: Նրա խոսքով՝ անցած տարի շաքարավազ հնարավոր էր ձեռք բերել այսօրվա կես գնով:

Ախուրյանի բնակիչ Աննա Ոսկանյանի խոսքով, Ախուրյանում շաքարի գործարանն աշխատում է. «Գործարանն աշխատում է, տեսնում ենք լավ էլ արտադրանք են տալիս, որ կառուցում էին, խոստանում -ասում էին, ամեն ինչ անելու ենք, որ շաքարավազը աղի գնի է իջնելու, հիմա չեմ հասկանում ինչ են անում մեր շաքարը, ուր են տանում, որ մենք 500 դրամով ենք գնում»,-ասել է Աննա Ոսկանյանը: