Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 147 մարդ, իսկ 721-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսսը»:
Ինքնասպան ահաբեկիչների հարձակման թիրախ են դարձել Իրաքի արդարադատության նախարարության եւ Բաղդադի նահանգապետարանի շենքերը: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել այդ շենքերից ոչ շատ հեռու կանգնեցված ավտոմեքենաների մեջ: Գործողություններն իրականացրել են ահաբեկիչ-մահապարտները, բայց խմբավորումներից ոչ մեկը ահաբեկչության պատասխանատությունն իր վրա չի վերցրել:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09.30-ին, իսկ երկրորդը` մի քանի րոպե անց: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, դատապարտել է այս ահաբեկչությունը եւ ցավակցել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ առողջացում է ցանկացել: Նա կոչ է արել, որ 2010 թ. հունվարի 16-ին տեղի ունենալիք ազգային ընտրությունները լինեն մաքուր և արդար: Բան Կի Մունը խոսք է տվել, որ ՄԱԿ-ն ամեն տեսակի աջակցություն կցուցաբերի Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ այդ նպատակներին հասնելու համար: Այս ահաբեկչությունը դատապարտել են նաեւ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Թուրքիան ու ՆԱՏՕ-ն:
Այս ահաբեկչության հետ կապված Իրաքում եռօրյա սուգ է հայտարարված:




























