Հովիվները հազվադեպ են տուժում ականներից: Այդ մասին NEWS.am-ին ասաց անունը հայտնել չցանակացող փորձագետը` մեկնաբանելով թուրքական Posta-ի հաղորդագրությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, 48-ամյա Մեհմեդ Ալիօղլուն ոչխարներին արոտի է  հանել հայ –թուրքական սահմանի մոտ: Սկսված անձրեւի պատճառով ոչխարները թեքվել են հայկական սահմանի կողմը: Փորձելով կենդանիներին մեկ տեղում հավաքել` Մեհմեդը հայտնվել է ականապատ տարածքում եւ ընկել ականի վրա: Պայթյունի արդյունքում նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել Կարսի հիվանդանոց:

Մեկնաբանելով այս հաղորդագրությունը` փորձագետը նշեց, որ առաջին հերթին, աղբյուրը չի նշում,  թե հատկապես երբ է տեղի ունեցել միջադեպը,  դա կարող էր լինել երեկ, մեկ ամիս առաջ: Նմանատիպ  միջադեպ  նշված ուղղության վրա տեղի  է ունեցել նաեւ հունիսին:  Որոշ կասկած է հարուցում այն, որ հովիվը ոչխարներին արոտի է հանել անձրեւի ժամանակ: «Ամենաուշագրավն այն է, որ հովիվները, որպես կանոն, ականների վրա չեն պայթում: Նման բան, ավելի շուտ կատարվում է սահմանախախտների հետ»,-նշեց փորձագետը:

Նա նաեւ ավելացրեց, որ  վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանը հայկական կողմից ավելի  լավ է պահպանվում, քան թուրքական: «Համենայն դեպս հայկական  կողմից ոչ ոք դեռ ականի վրա չի պայթել»,-եզրափակեց փորձագետը: