Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության մասնակիցներն այսօր` օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ  այցելել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել հանդիպման գեղեցիկ նախաձեռնության առիթով:

Նա իր խոսքում անդրադարձել է դիվանագետների կարեւոր ծառայությանը, որը ուղղված է Հայրենիքի եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը տարբեր երկրներում, ինչպես նաեւ ազգապահպանության խնդիրների լուծմանը: Կաթողիկոսը հաստատել է, որ հովվապետական այցերի ընթացքում տեսել է ՀՀ դիվանագետների կատարած աշխատանքը, ինչը միմիայն ուրախություն է պատճառում, որ հայրենի երկիրը մշտապես աշխարհասփյուռ իր զավակների կողքին է, քաջալերում եւ զորակցում է նրանց: 

Իր խոսքում Գարեգին Բ-ն նշել է, որ այս անկախ պետականությունն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի հարամնա ընթացքը դեպի նոր հազարամյակներ, ինչը մեծապես պայմանավորված է նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների ծառայությամբ:

Վերջում Էդվարդ Նալբանդյանը դիվանագետների անունից Գարեգին Բ-ին շնորհավորել է ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ նրան փոխանցել ԱԳՆ հուշամեդալ: