Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն կմասնակցի երկրում նախագահական ընտրություններին՝ որպես ինքնաառաջադրված թեկնածու: Նա մոտ օրերս Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը:

Ինչպես հայտնել է Յուշչենկոյի քարտուղարության ղեկավար եւ «Մեր Ուկրաինան» կուսակցության խորհրդի նախագահ Վերա Ուլյանչենկոն, «Վիկտոր Անդրեեւիչը որոշել է մասնակցել ընտրություններին որպես ինքնաառաջադրված անձ: Նա փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի հոկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում: „Մեր Ուկրաինան“ կուսակցության համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին անպայման կպաշտպանի նրա թեկնածությունը եւ կդառնա նախագահ թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի հիմնական շարժիչ ուժը»:

Նշենք, որ ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունի «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավար, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը, երկրորդը երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, իսկ Վիկտոր Յուշչենկոյի հնարավորությունները, տեղի փորձագետները շատ ցածր են գնահատում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանալու են 2010 թվականի հունվարի 17-ին: