«Իմ դեմ առաջադրված մեղադրանքը նման է „Կիկոսի մահը“ հեքիաթին: Հստակ չէ, թե ինձ ինչում են մեղադրում»,- հոկտեմբերի 26-ին կայացած դատական նիստում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս մեկ ժամ շարունակ դատավոր Մնացական Մարտիրոսյանից փորձում էր պարզաբանումներ ստանալ, թե իրեն, ի վերջո, ինչում են մեղադրում, բայց ապարդյուն. Դատավորը ոչինչ չասող հայացքով իր շուրջն էր նայում՝ հրաժարվելով կատարել օրենքի պահանջը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Փաշինյանը մեղադրվում է քր.օր.-ի 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածներով: «Ինձ համար հասկանալի չէ, թե ընդհանրական ձեւակերպումներից որն է ինձ վերաբերում: Ես „Կիկոսի մահվան“ վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել»,- նշեց Փաշինյանը՝ դատավորին հիշեցնելով Քր.դատ.օր.-ի 6-րդ հոդվածը, որը պահանջում է, որ մեղադրանքը լինի հստակ եւ անձնավորված: Փաշինյանը նշեց, որ մարտիմեկյան բոլոր դատավաություններն ընթացել են լղոզված եւ ոչինչ չասող մեղադրանքներով: «Հայաստանի դատախազությունը աշխատում է հետեւյալ սկզբունքով, Փիլոյանը գրեց, Աղվանը գլխով արեց, ուրեմն դա մեղադրանք է: Ի դժբախտություն ձեզ, դա այդպես չէ»,- մեղադրողին ասաց ՀԺ-ի գլխավոր խմբագիրը:
Ի վերջո, մեկ ամբողջ ժամ չարչարվելուց հետո, Փաշինյանը արձանագրեց, որ դատավորը խոչընդոտում է իր պաշտպանվելու իրավունքը, քանի որ այդպես էլ չգիտի, թե ինչից պետք է պաշտպանվի ինքը:
Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբեւէ, որեւէ քր.օր.-ով արգելված արարք չեմ կատարել եւ ինձ, բնականաբար, մեղավոր չեմ կարող համարել»:
Իսկ այս պահին դատարանը լսում է գործով «տուժող», ոստիկանության աշխատակից Վազգեն Բաղյանի ցուցմունքը: Այս ոստիկանին, իբր, 2007թ. հոկտեմբերի 23-ին ծեծի է ենթարկել Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























