Պատգամավոր Իրակլի Խախուբիայի՝ այսօր հայտնաբերված մարմինը տեղափոխել են Սամխարաուլիի անվան փորձաքննությունների ազգային բյուրո, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Նախնական տվյալներով՝ 51-ամյա Խախուբիան ինքնասպան է եղել։ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ կրակոցի ձայնն առավոտյան լսել է նրա կինը։ Բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ։
Պատահարի վայրը զննում են քրեագետները։ Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։
Արդեն Խախուբիայի տուն են այցելել եւ նրա ընտանիքի անդամների հետ խոսել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդիրաիձեն։
Խախուբիայի ընտանիքի անդամները մամուլի հետ դեռ չեն շփվել։
Հիմնական վարկածի համաձայն՝ Իրակլի Խախուբիան ինքնասպան է եղել ծանր հոգեվիճակի ֆոնին, որն առաջ է եկել ողբերգական հանգամանքներում որդու մահվան պատճառով։ 21-ամյա Բեկա Խախուբիան զոհվել էր 2017թ. մայիսին, Գորիի մոտ, ավտովթարից։ Ոստիկանությունը փակել էր նրա ճանապարհը բարձր արագության պատճառով, երիտասարդը փորձել էր շրջանցել խոչընդոտը, բախվել էր բեռնատարին եւ մահացել տեղում։
Իրակլի Խախուբիան Վրաստանի խորհրդարանի 9-րդ եւ 10-րդ գումարումների մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր էր Փոթիից, Սենակիից եւ Խոբիից։




























