Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, որին կասկածում են պետական դավաճանության և գաղտնի փաստաթղթեր օտար պետություններին փոխանցելու մեջ, ավելի վաղ քննադատել էր գերմանական հատուկ ծառայություններին՝ դրանց գիշատիչների շրջանում «բուսակերներ» անվանելով, գրում է The Guardian-ը։

Նա կոչ էր արել ընդլայնել հետախուզության լիազորությունները՝ վտանգավոր աշխարհում երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Գերմանական Der Spiegel ամսագրի տվյալներով, ենթադրաբար, Հանինգի փոխանցած գաղտնի տեղեկությունների հնարավոր ստացողների թվում կարող էին լինել Ադրբեջանն ու Չինաստանը։

Հանինգը 80 տարեկան է։ Նա ղեկավարել է BND-ը 1998-ից 2005 թվականներին և համարվում է Գերմանիայի ժամանակակից անվտանգության համակարգի ճարտարապետներից մեկը։ Երեքշաբթի զինված իրավապահները նրան ձերբակալել են Նորդ-Վալդե քաղաքում գտնվող տանը, որտեղ նա ծնվել էր։ Այժմ հետախուզության նախկին ղեկավարը գտնվում է կալանքի տակ՝ դատավարությանը սպասելով։ Փաստաբանների միջոցով նա հերքում է օտար պետություններին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

Դաշնային դատախազության վարկածով, Հանինգը որպես BND-ի ներսի աղբյուր օգտագործել է իր նախկին աշխատակազմի ղեկավարին, որը հայտնի է որպես Մանֆրեդ Դ.։ 12 տարվա ընթացքում նա, ենթադրաբար, հափշտակել է փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի։ Քննությունը կարծում է, որ այդ կերպ հետախուզությունից դուրս է բերվել մոտ երկու հազար փաստաթուղթ։

Ենթադրվում է, որ ծառայությունից հեռանալուց հետո Հանինգը ստացված տեղեկություններն օգտագործել է իր հիմնադրած մասնավոր խորհրդատվական ընկերության հաճախորդների շահերից ելնելով։ Հանցագործության հնարավոր դրդապատճառ քննությունը համարում է ֆինանսական շահը։

Գողացված նյութերի թվում, ենթադրաբար, եղել են Գերմանիայի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ կանցլերի համար պատրաստված վերլուծական զեկույցները։ BND-ի ղեկավարի նախկին տեղակալ Արնդտ Ֆրայտագ ֆոն Լորինգհովենը նման փաստաթղթերը անվանել է հետախուզական ծառայության «թագի գոհարներ»։ Reuters-ի տվյալներով, գողացված նյութերի թվում եղել են նաև ամերիկյան արտաքին հետախուզության տվյալներ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գործը չի մեկնաբանել։

Սկանդալը մտահոգություններ է առաջացրել դաշնակիցների հետ Գերմանիայի համագործակցության հետևանքների վերաբերյալ։ Հատուկ ծառայությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Կոնստանտին ֆոն Նոցը նախազգուշացրել է գործընկերների կողմից վստահության լուրջ կորստի մասին, որոնց աջակցությունը անհրաժեշտ է Բեռլինին՝ լարված միջազգային իրավիճակում։

Հանինգի գործը ծավալվել է այն ֆոնին, երբ գերմանական հատուկ ծառայությունները նախազգուշացնում էին Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքների ուժեղացման մասին։ BND-ի ներկայիս ղեկավար Մարտին Յեգերը նախկինում հայտարարել էր, որ Գերմանիան բախվում է «ստվերային պատերազմի», որը ներառում է հիբրիդային հարձակումներ և անօդաչու սարքերի կիրառություն։ Միևնույն ժամանակ, գերմանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Ռուսաստանը չի համարվում Հանինգի ենթադրյալ հետախուզական տվյալների անմիջական ստացողը։

Այս պատմությունը կրկին բարձրացրել է թոշակի անցնելուց հետո հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան աշխատակիցների գործունեության և մասնավոր հատվածում նրանց նախկին կապերի օգտագործման հարցը։ Հետախուզական համայնքի ներկայացուցիչներն ու խորհրդարանականները կոչ են անում քննարկել հետախուզության նախկին ղեկավարների համար լոբբիստական գործունեության ցմահ արգելքի հնարավորությունը։