Ադրբեջանցիները խճճվել են դրոշների հետ կապված պատմությունների մեջ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ թուրքական Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ արգելվեցին ադրբեջանական դրոշներ ներս բերել ստադիոն, Ադրբեջանում թուրք զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի վրայից հանվեցին թուրքական դրոշները: Դրանից հետո, երեւի Ադրբեջանում հասկացան, որ իրենց արածն այնքան էլ ճիշտ չէ եւ սկսեցին արդարանալ: Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարեց, թե թուրքական դրոշները հանվել են «Ադրբեջանում արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների դրոշների կիրառման մասին» օրենքի համաձայն:

Իսկ այսօր, երեւի մոռանալով, որ նման բացատրություն է տրվել դրոշները հանելու փաստին, Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Սայադ Արանը հայտարարել է, որ թուրքական ու ադրբեջանական դրոշները հանվել են վերանորոգման աշխատանքների հետ կապված: «Դրոշները, որոնք հանվել են թուրք զինվորի հուշարձանի վրայից, կրկին կվերականգնվեն իրենց նախկին տեղում»,- ասել է նա: