Գերմանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2022 թ․ երրորդ եռամսյակում 0,3 տոկոսով աճել է՝ նախորդ եռամսյակի համեմատ։ Այս մասին հաղորդվում է Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության կայքում։
«2022 թ․ երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 0,3 տոկոսով՝ 2022 թ․ երկրորդ եռամսյակի համեմատ՝ փոփոխված գնային, սեզոնային եւ օրացուցային ճշգրտումները հաշվի առնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի տնտեսությունը շարունակում է պահպանել իր դիրքերը՝ չնայած աշխարհում տիրող ծանր տնտեսական պայմաններին, ներառյալ էներգետիկ ճգնաժամը, կորոնավիրուսային համավարակը, մատակարարման դժվարությունները եւ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։
2019 թ․ չորրորդ եռամսյակի համեմատ՝ մինչեւ ճգնաժամի սկիզբը, ընթացիկ եռամսյակում ՀՆԱ-ն առաջին անգամ գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը (+0,2 տոկոս)։
Հոկտեմբերի 29-ին DPA գործակալությունը, վկայակոչելով McKinsey ընկերության հրապարակված հարցումը, հայտնել է, որ Գերմանիայի բնակիչների 57 տոկոսը երկրում գնաճի տեմպերը գլխավոր սպառնալիք է համարում: Գործակալության տվյալներով՝ ուկրաինական հակամարտությունը գլխավոր սպառնալիք է անվանել հարցվածների 18 տոկոսը, կլիմայի փոփոխությունը՝ 6 տոկոսը, COVID-19 համավարակը՝ 3 տոկոսը։
Մինչ այս գերմանական Handelsblatt հրատարակությունը գրել էր, որ Գերմանիայում ձեռնարկությունները կարող են բախվել կրճատումների աննախադեպ ալիքի՝ տարածաշրջանում էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Թերթի տվյալներով՝ Գերմանիայում անընդհատ աճում է այն ձեռնարկությունների թիվը, որոնք պատրաստվում են աշխատանքից ազատել որոշ աշխատակիցների։





























